Հետաքրքիր տեղեկություններ Ամանորի մասին

Ամանորը յուրահատուկ տոն է: Ինչպես ցանկացած տարի, այս տարին նույնպես ունի իր խորհրդանիշ կենդանին: Ըստ արևելյան հորոսկոպի՝ դա փայտե այծի տարին է: Կենդանի որն աչքի է ընկնում երկչոտությամբ և համառությամբ: 2015 թվականը կբերի դրական փոփոխություններ կենդանակերպի բոլոր նշաններին:Գալիք տարին հնարավորություն կտա հեշտացնել աշխատանքը, կյանքի նոր էջ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են զարգանալ ու հզորանալ: Այժմ որոշ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են Ամանորը նշում տարբեր երկրներում:
Աշխարհի շատ ժողովուրդներ Ամանորը նշում են հունվարի 1-ին: Տարբեր երկրներում Ամանորը յուրովի են նշում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ սովորույթներ, որոնք հաճախ ծիծաղալի են թվում: ԻՏԱԼԻԱ-Իտալիայում Ամանորի գիշերը, ըստ ավանդույթի, կախարդական ավելով գալիս է Ձմեռ տատիկը (La Befanan) և երեխաների գուլպաների մեջ դնում նվերներ: Իտալացիները Ամանորի գիշերը պատուհանից դուրս են նետում բոլոր անպետք և հին իրերը: ՀԱՅԱՍՏԱՆ- Հայաստանում Ամանորը տևում է մի քանի օր: Մենք՝ հայերս, սիրում ենք բավականին ճոխ նշել այդ տոնը: Սեղանները լեփ-լեցուն են, մարդիկ ճանապարհում են հին տարին և մեծ սպասելիքներով դիմավորում նորը: Հին ժամանակ հայերն ունեին մի ավանդույթ՝ Նոր տարվա գիշերը պարտադիր որևէ լույս վառ էին թողնում: Մութն ընկնելուն պես տան տիկինը շեմին մոխիր էր լցնում՝ չարքերից պաշտպանվելու համար: ԱՆԳԼԻԱ- Ամանորը դիմավորելու ավանդույթը Անգլիաում լի է հյուրասիրությամբ և ջերմությամբ: Անգլիացիները հավատում են, որ Ամանորի իրենց առաջին հյուրը հաջողություն է բերելու իրենց: Նա պետք է տղամարդ լինի, առջևի դռնից ներս մտնի և իր հետ ավանդական նվերներ բերի՝ հաց, ընտանիքի գլխավորի համար՝ գինի կամ ածուխ, այլապես նրան ներս չեն թողնի: Նրանք կարծում են, որ դա ամբողջ տարվա համար հաջողություն է բերում: ԴԱՆԻԱ- Դանիայում յուրահատուկ ավանդույթ կա: Մարդիկ դռան շեմին մի կույտ ջարդված ափսեներ են պահում, որոնք Ամանորին նետում են դեպի ընկերների դռները: Դա խորհրդանշում է ընկերությունն ու բարեկամությունը: Նրանք կարծում են, որ իր դռան մոտ ամենաշատ ամաններ ունեցողն ամենաշատ ընկերներն ունի: ՉԻՆԱՍՏԱՆ- Չինաստանում Ամանորը նշելու բավականին հետաքրքիր ավանդույթ կա: Չինացիներն իրենց տան առջևի դուռը կարմիր են ներկում, ինչը խորհրդանշում է երջանկությունը և հաջողությունը: Նրանք պահում են տան բոլոր դանակները, որպեսզի ոչ ոք ինքն իրեն չվնասի, քանի որ դա կարող է ամբողջ տարվա ընթացքում անհաջողություն բերել ամբողջ ընտանիքին: ԲՐԱԶԻԼԻԱ- Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է բերում: Նրանք սեղանին ընդեղենային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն և երջանկություն: ԳԵՐՄԱՆԻԱ-Գերմանացիների համար հաջողություն է բերում կապարը: Նրանք հալած կապար են լցնում սառը ջրի մեջ. օրինակ՝ սրտաձև պատկեր ստանալը նշանակում է ամուսնություն , կլոր պատկերը՝ հաջողություն, խարսխաձևը՝ տխրություն: ՀՈՒՆԱՍՏԱՆ - Սուրբ ծննդից հետո, որը Հունաստանում նշվում է դեկտեմբերի 25-26-ը, հույները, հատկապես երեխաները, անհամբեր սկսում են սպասել Ամանորին: Դա այն օրն է, երբ Սուրբ Վասիլին (Agios Vasilis) բաժանում է բոլորի նվերները: Այն պահին, երբ երեխաները քնում են, ծնողները տոնածառի տակ դնում են վառած մոմ, կոպեկով խմորեղեն (Vasilopita) և մեկ գավաթ գինի՝ սրբի համար: Սուրբ Վասիլին կխմի գինին, կօրհնի խմորեղենը և տոնածառի տակ կդնի նվերներ: Ամանորին Հունաստանում հանգիստը անցկացնում են քաղաքի կենտրոնում կամ հրապարակում: Աթենքում Սինտագմա հրապարակը նմանվում է հեքիաթային քաղաքի: Հունաստանում Նոր տարվա շեմին երեխաները քայլում են փողոցներով, մտնում տներ և երգում կալանդաներ (kalanda): Կալանդաները ազգային երգեր են, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Այս երաժշտությունը կարող եք լսել ողջ Հունաստանի տարածքում: ՌՈՒՍԱՍՏԱՆ- Այժմ տեսնենք թե ինչ Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն Ռուսաստանում: Մինչև XVIII-րդ դարը Ռուսաստանում Նոր տարին նշվում էր ոչ թե հունվարից, ինչպես այժմ, այլ՝ մարտից: Նոր տարին Ռուսաստանում սկսել են տոնել XV-րդ դարից սկսած: Այժմ Ռուսաստանում Ամանորյա ավանդույթները համարյա ոչնչով չեն տարբերվում Հայաստանի ավանդույթից: Ռուսները շատ կարևոր են համարում այն, որ Նոր տարվա շեմին պետք է մոռանալ բոլոր խնդիրների մասին, հաշտվել բարեկամների և մտերիմների հետ: Պետք է ուրախանալ այս գեղեցիկ տոնին անկախ քո եկամտից, հաջողությունից և անհաջողություններից: ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ- Մեծ Բրիտանիայում ուղիղ ժամը 12-ին զանգերն սկսում են բարձր ղողանջել: Երեխաները քնելուց առաջ սեղանին են դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերներ դնի դրանց մեջ, կոշիկների մեջ՝ չորացած խոտ են դնում՝ Սանտայի էշի համար: ԷԿՎԱԴՈՐ - Իսկ ահա Էկվադորում կեսգիշերին <<այրիների լացի>> ներքո վառում են տիկնիկներ: Սովորաբար, որպես այրի հանդես են գալիս տղամարդիկ, որոնք հագնում են կանացի զգեստներ և կրում կեղծամներ: Նրանք, ովքեր ուզում են ամբողջ տարին ճանապարհորդել, պետք է ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզեն տան մեջ... Հ.գ. Անկախ ամեն ինչից, Նոր տարին պետք է դիմավորել լավ տրամադրությամբ և անկեղծ ժպիտներով՝ ընկերների, բարեկամների և հարազատների միջավայրում ու ամբողջ տարին կանցնի հանգիստ, առանց խնդիրների, ուրախ...- Կռունկ բլոգի աշխատակազմը բոլորին մաղթում է ուրախ Ամանոր, գալիք տարում՝ առողջություն, ընկերական ջերմություն, հաջողություն և երջանկություն: