Ոսկեհատ (Արմավիրի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 28կմ ։ Նախկինում ունեցել է Սովխոզ N4, Ոսկեհատի ուսումնական տնտեսություն անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°C-ից 26°C, իսկ առավելագույնը`42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։
Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
 Գյուղի բնակչության մեծ մասը հայրենադարձներ են , ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխվածներ ։Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 3635առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 25%, աշխատունակներ` 64%, հետաշխատունակներ` 11%։ Գյուղն ունի 753 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (433հա), կան պտղատու (3հա) և խաղողի այգիները (15հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ` կազմելով համապատասխանաբար 111, 17.9, 18.1 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։