Միայն երջանկության արցունքներ


 Ապրիլի 5-ին Աղավնատուն համայնքի Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած «միայն երջանկության արցունքներ» խորագրով միջոցառումը բազմաբովանդակ էր:

Այն նվիրված էր մայրության և գեղեցկության մեկամսյա տոնին և համայնքի ազատամարտիկ հերոս Ղուկաս Աբգարյանի 46 ամյակին, ում անունով էլ կոչվում է Աղավնատան միջնակարգ դպրոցը:
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ հայ մոր դերը սերունդների մեջ հայրենասիրություն սերմանելու գործում և պետք է միշտ հիշել, որ մեր հայրենիքի հավերժության գաղտնիքը հայ մայրն է ՝ իր վեհ ու վսեմ քայլերով, իր ողջախոհությամբ ու անձնուրացությամբ:
Մինչ ապրիլի 5-ը, Ղ.Աբգարյանի քրոջ որդիների՝ Արտակ և Արթուր Գալստյանների աջակցությամբ դպրոցում անցկացվել էր սպորտային մրցույթ, որը նվիրված էր Ղուկաս Աբգարյանի 46 ամյակին: Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով:
Ապրիլի 5-ին միջոցառումը սկսվել էր դեռ վաղ առավոտից, երբ դպրոցի աշակերտները և ուսուցիչները դպրոց եկան ծաղիկներով և մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի հիշատակը հավերժացնող կիսանդրու առաջ: Ողջ ընթացքում դահլիճում տիրում էր խորհրդավոր լռություն, ներկաները հուզված էին և պարուրված խորհրդավոր թախիծով: Միջոցառման ավարտին իրենց խոսքը ասացին Աղավնատան գյուղապետ Աշոտ Գրիգորյանը, դպրոցի տնօրեն Արմենակ Ավետիսյանը, Ղուկաս Աբգարյանի հորեղբայր Պավլիկ Աբգարյանը: Վերջում բոլոր ներկաներն այցելեցին Ղուկաս Աբգարյանի շիրմին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմահ հերոսին:


Հեղինակ`  Մարիետա Աբգարյան