Արցախյան խոհանոց



Ղարաբաղյան խոհանոցը, ինչպես և Ղարաբաղի պատմությունը, իր արմատներով հասնում է մինչև հին ժամանակներ: Այն իրենից ներկայացնում է ամենատարբեր համերի ու հոտերի զարմանալի մի համադրություն, որը առկա է միայն արևի և ղարաբաղցիների սրտերի ու ժպիտների ջերմությամբ հագեցած մթնոլորտում: Խոհանոցը մեծ մասամբ կազմված է մսից և Ղարաբաղի լեռներում և հարթավայրերում աճող բանջարեղեններից պատրաստած բազմազան կերակուրներից: Եվ եթե դուք համեղ ուտեստների սիրահար եք և սիրում եք նոր կերակուրներ բացահայտել, ապա իրենց պարզությամբ նուրբ ազգային կերակուրները սպասում են ձեզ Ղարաբաղում:


Ղարաբաղյան հայտնի խոհանոցի երկարակեցության հիմնական գաղտնիքը էկոլոգիապես մաքուր մթերքների օգտագործումն է բացառիկ թթի կամ հոնի օղու հետ միասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բնական կենդանացնող եթերային յուղեր:
Ժենգյալով հացը շատ տարածված է Ղարաբաղում, և այստեղ, այն ուտում են ամբողջ տարին. այն չի հանդիպում Հայաստանի այլ շրջանների խոհանոցներում: Ժենգյալով հացը գրեթե ծիսական կերակրատեսակ է, որի պատրաստման հիմնական խորհուրդը բարեկամներին միասին հավաքելն ու բոլոր աշխատանքներին ակտիվ մասնակցելն է, ևս մեկ անգամ միասին լինելը, խոսել դեսից-դենից, տարբեր նորություններ փոխանակել և պարզապես ջերմացնել հոգին սիրող սրտերի կողքին: Պատրաստման ամբողջ արարողությունը իրականացնում են տարիքով և հմուտ կանայք, ովքեր փոխանցում են պատրաստման գաղտնիքները իրենց աղջիկներին և հարսներին: Կարծես կախարդական ձևով, գրտնակի օգնությամբ խմորը հարթվում, դառնում է թղթի նման բարակ, որից հետո այն լցվում է մանր կտրատած, համարյա քսան տեսակի վայրի բույսերից պատրաստված և բուսական յուղով համեմված լցոնով: Այն թխվում է լավ տաքացվող երկաթե հարթ կամ էլիպսաձև հարմարանքի` սաջի, վրա, որտեղ «կարկանդակը» պատրաստ է լինում մի քանի րոպեում` տաք, հոտավետ և ախորժալի: Այն շատ համեղ է, հատկապես, երբ ուտում ես տաք-տաք վիճակում, հենց սաջի կողքին: Տնական կարմիր գինին ամբողջացնում է պատկերը և գռգռում ախորժակը. միայն հասցրու թխել: Ժենգալով հացը, հատկապես, շատ են օգտագործում Մեծ պասի ժամանակ: