«Լավ է»:


Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց:

Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
- Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
- Ոչ, վատ է, - և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:
Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
- Դու ճիշտ էիր, - ասաց նա, - իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
- Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
- Ոչ,- պատասխանեց ընկերը, - դա լավ էր:
- Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
- Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի: