Կյանքի և մահվան գոտում

Մի քանի օր առաջ այցելեցինք մի քանի սահմանամերձ գյուղեր` Բագարան, Երվանդաշատ:
Բագարան սրբավայր-քաղաքը կառուցել է Երվանդ IV-ը Ք.ա. III դ. : Երվանդաշատ քաղաքը, որը նույնպես կառուցվել է Երվանդ IV Վերջին արքայի կողմից` Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում, եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը և գտնվում է Երևանից 96 կմ հեռավորության վրա, սահմանակից է Թուրքիային: 

Մենք ականատես եղանք սարսափելի տեսարանի: Այդ գեղեցիկ, շքեղ քաղաքների վայրում այժմ գտնվում են մի քանի խարխլված տներ, մի փոքրիկ գյուղ: Տեսարանը շատ աղետալի էր: Մարդիկ, որոնք պաշտպանում են մեր սահմանները, ահ ու վախով են անցկացնում իրենց ամեն մի օրը, անտեսված են իշխանությունների կողմից: Մեկ- երկու խոսք փոխանակելով նրանց հետ` մենք հասկացանք , որ նրանք ունեն շատ խնդիրներ: Մի քանի ամիս է` ոչ մի տեսակի տրանսպորտ չի գնացել նրանց գյուղ, չունեն խմելու ջուր, գազ, տները ջեռուցում են փայտով, գոյատևում են անասուն պահելով, իրենց լեզվով <<սոխ, ձմերուկ, յոնջա քաղելով>>, ծերը ծերին հասցնելով:
Չնայած բոլոր դժվարություններին` նրանք չեն կորցրել իրենղ մարդկային հատկանիշները: Նրանք մեզ ծատ ջերմ ու հյուրընկալ ընդունեցին, սուրճ առաջարկեցին:
Մենք հավաստիացրինք նրանց, որԱնպայման կբարձրացնենք այս հարցը: Այս մարդիկ հերոսություն են անում, եթե նրանք չլինեն, եթե այդ գյուղերը դատարկվեն, ապա թշնամին հեշտությամբ կարող է անցնել սահմանը և գրավել այդ տարածքները: Այս մարդիկ կարողանում են շենացնել, պահել, կենդանի շունչ տալ այդ գյուղին: Աստված թող պահապան լինի նրանց, որ շարունակեն անսասան, տոկուն պահել մեր սահմանները թշնամուց:
Ուզում եմ կոչ անել թե՛ իշխանություններին, թե՛ բարեգործներին ուշադրություն դարձնել այդ սոցիալապես աղքատ, սակայն հոգով ուժեղ մարդկանց կողմը, որոնք հայ զինվորի կողքին, հայ զինվորի հետ հավասար պահպանում ու պաշտպանում են Հայաստանի սահմանները: