Եվ՛ ուսուցիչ, և՛ զինվոր

Բազմավաստակ և նվիրյալ ուսուցիչներ ունի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնք ամենայն պատասխանատվությամբ են մոտենում այդ ազգանվեր և սրբազան առաքելությանը՝ Ա. Սարիբեկյան, Ս. Քոչարյան, Ս. Ադյան, Ա. Մարտիրոսյան, Կ. Աթանեսյան և այլոք: Շատ են արժանավորները, բայց ուզում եմ առանձնացնել մեկին՝ մեծապատիվ մի կնոջ՝ օժտված պատասխանատվության բարձրագույն զգացումով, արդարասեր, ազգապաշտ գործի նվիրյալ, համագյուղացիների և գործընկերների հարգանքն ու համակրանքը վայելող, իր և շրջապատի հանդեպ չափազանց պահանջկոտ մի կին:
Կին է, այո՛,  բայց  ուժեղ կին: Գիտի իր արժեքը և երբեք թույլ չի տա՝ թերագնահատել այն: Կին, որ իր ամբողջ կյանքը նվիրել է մատաղ սերնդի կրթությանն և դաստիարակությանը: Խոսքը իմ շատ սիրելի ուսուցչուհի Լիդա Մուսաիլյանի մասին է: Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 21-ին՝ Արծվաշեն (հին Բաշքենդ) գյուղում: 1957-67թթ ընդունվել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1975թ-ին ավարտելով ինստիտուտը՝ աշխատանքի է անցելԿրասնասելսկի №1 միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Արցախյան պատերազմի տարիներին անդամագրվել է Արծվաշենի կամավորական ջոկատոին: 1988-1994թթ եղել է Արծվաշենի պաշտպանական դիրքերում: Պատերազմից հետո  բնակություն է հաստատում Կրասնասելսկում՝ շարունակելով իր ուսուցչական գործը: Տիկին Մուսայելյանը կարոտով է հիշում հայրենի գյուղը՝ Արծվաշենը, որտեղ անց է կացրել մանկության և պատանեկության տարիները: Հիշում է դպրոցը, ընկերներին: Երազում է գոնե մեկ անգամ այցելել իր հարազատ բնօրրանը: Դպրոցն առավելագույն տեղն է զբաղեցրել իր կյանքում: Այդ մասին մեծ պաթոսով է պատմում, ինչու ոչ , նաև՝ անթաքույց հպարտությամբ: Նրա խորին համոզմամբ՝ դպրոցն է, որ միշտ տվել է և պիտի տա արժանավոր սերունդ և հայրենիքի նվիրյալներ: ՀՀ նախագահների կողմից տիկին Մուսայելյանը պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> և, մատաղ սերնդի դաստիառակության գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի համար՝ <<Մովսես Խորենացի>> մեդալներով: Այժմ նա աշխատում է Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում՝ շարունակելով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին: